top of page

«Կալլոկաին» Կարին Բոյե

Writer: Arpi Oskanyan
Arpi Oskanyan
1 day ago
2 min read

Հազվադեպ է ինձ վիճակվել կարդալ ստեղծագործություն, որն իր մեջ միաժամանակ կրում է բացարձակ հուսահատություն և անսահման հավատ մարդու հանդեպ։

«Կալլոկաին» վեպը խոստովանություն է, առակ և խոստում՝ նրբորեն միահյուսված մեկ պատմության մեջ։

Մարտիկ Լեո Կալլը հավատում է գաղափարին, այն մեծ բարիքին, որն այդ գաղափարը խոստանում է, և պատրաստ է հանուն դրա սխրանքի։

Նրա նպատակն է հաղթահարել մարդուն իր մեջ՝ հրաժարվել զգացմունքներից ու հույզերից, ձուլվել ամբոխին և դառնալ իդեալական «մարդկային նյութ»։

Լեոյի ամբողջ աշխարհը, այն ամենը, ինչ նա գիտի այդ աշխարհի մասին, Քիմիական քաղաք № 4-ն է։ Գետնատակի մի աշխարհ, արտաքնից աղմկոտ, բայց խուլ ներսում։ Աշխարհ, որն ապրում է «բարբարոսներին սպասելով»։


Լեոն հավակնոտ է և տաղանդավոր։ Նա ծառայում է Պետությանը և երազում ճանաչման մասին։ Երազում է զգալ հասարակության հետ լիակատար միաձուլման պահը։ Խանգարում են նրան հասնել այդ նպատակին, միայն կինը` Լինդան, որին նա միաժամանակ ատում և սիրում է, և ղեկավար Էդո Ռիսսենը, որի մեջ դեռ ապրում է միտքը։

Հանուն Պետության բարօրության Լեո Կալլը ստեղծում ճշմարտության շիճուկը՝ Կալլոկաինը, բաց կանաչավուն հեղուկ, որը յուրաքանչյուրին կստիպի ասել ճշմարտությունը։


Խոստովանություն

Ես պարզապես մարդ չէի, ես մարտիկ էի՝ շատերից մեկը։ Ես չէի կարող, իրավունք չունեի կասկածի տակ դնել Համաշխարհային Պետությունը։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ բան էի զգում, հասկանում էի՝ դա պետք է արմատախիլ անել իմ միջից։ Եվ այնուամենայնիվ։

Ինքս ինձ՝ մարտիկ Լեո Կալլիս, խոստովանում եմ. միակ բաները, որոնք ինձ առաջ էին մղում, նախանձը, խանդն ու վախն էին։ Ես սպանեցի անմեղ մարդու և դավաճանեցի միակ կնոջը, որին սիրում էի։ Որովհետև նախանձում էի նրանց. նրանք մարդ էին։

Այն ժամանակ ես չէի հասկանում, որ հենց այդ արատների միջով եմ գտնելու իմ ներսում ապրող մարդուն։

Առանց Կալլոկաինի ներարկման, առանց հարցաքննության ես խոստովանում եմ. ես մարտիկ չեմ, ես նա եմ, ով ցանկանում է հասկանալ մարդուն, ոչ թե հաղթահարել նրան։ Նա, ով կորստի ցավի միջով հույս ունի, որ ներումը հնարավոր է։


Առակ

Հավերժական պատմություններ, որոնցում փոխվում են տարեթվերն ու անունները, իսկ մնացած ամեն ինչ մնում է անփոփոխ։ «Ուսուցիչ։ Մեսիա», «Դավաճանություն Գեթսեմանիի պարտեզում» և «վերահսկողություն»։

Տարբեր պատմություններ, բայց միևնույն ճակատագիրը փոքր ու անկյուն քշված մարդու, որին նետում են մի դարաշրջանից մյուսը, մի համակարգից մյուսը, որոնց նպատակը միշտ նույնն է՝ ոչնչացնել ոչ թե մարդուն, այլ նրա մեջ եղած մարդկայնությունը։

Վերահսկողություն՝ լիակատար և անվերապահ։ Վերահսկողություն ամեն ինչի նկատմամբ, բայց, որ հատկապես կարևոր է՝ մտքի։

Յուրաքանչյուր համակարգ ունի իր Կալլոկաինը՝ լինի դա խոշտանգումը, քարոզչության թույնը, թե սոցիալական ցանցը, որը հմտորեն ուղղորդում և վերլուծում է։


Կարին Բոյեն ականատեսն էր մարդկության պատմության, թերևս, ամենածանր տասնամյակներից մի քանիսին։ XX դարի առաջին կեսը՝ ստալինիզմ, ֆաշիզմ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներ, ցեղասպանություններ։ Նա տեսել էր դահիճներին, փրկիչներին և հասկանում էր, թե որքան նման են նրանց դիմագծերը։


Եվ այնուամենայնիվ, չնայած ամեն ինչին, չնայած այն ամբողջ սարսափին, որին նա ականատես էր եղել, Կարին Բոյեն հավատում էր Լեո Կալլին, մարդուն և պատրաստ էր պայքարել նրա համար։ Կարծում եմ՝ հենց այդ պատճառով էլ նա մեզ, որպես հույս, թողեց՝


Խոստումը

«Ես ամեն դեպքում կենդանի եմ՝ չնայած այն ամենին, ինչ ինձնից խլել են… և հիմա ես գիտեմ, որ ինչ-որ տեղ եմ գնում»։

Սա է Կարին Բոյեի խոստումը։ Ռիսսենի խոսքերը՝ մահապատժից առաջ։


Ամեն դեպքում մարդը կապրի։ Չնայած ամեն ինչին՝ նա կզգա և կմտածի և, չնայած բոլոր արգելքներին, կշարունակի ձգտել ազատության։


Մի անգամ Ֆոլքներն ասել է, որ մարդն ամուր արարած է։ Այնքան ամուր, որ ոչ միայն կդիմանա, այլև կհաղթի։

Կարծում եմ՝ Կարին Բոյեն կհամաձայներ այս մտքի հետ։ Նա կպայքարեր մարդու համար։


Եվ իմ կարծիքով՝ հենց սա է, որ այս ստեղծագործությունը դարձնում եզակի՝

Հավատը։

Մուգ, անդեմ կերպարներ մոխրագույն ամբոխի մեջ՝ համակերպման, մեկուսացման և ամբողջատիրական համակարգում կյանքի խորհրդանիշ։

 
 
 

Comments


Արփի Օսկանյան

+374 91 244488

  • Instagram
  • Facebook
  • Linkedin

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ

bottom of page