top of page

«Ընթերցողը»՝ վեպ / Հեղինակ՝ Բեռննհարդ Շլինկ։

  • Writer: Arpi Oskanyan
    Arpi Oskanyan
  • 11 hours ago
  • 2 min read

«Հաջորդ անգամ ես տեսա Հաննային դատարանի դահլիճում։

Սա ոչ առաջին, ոչ էլ ամենախոշոր դատավարություններից էր, որ կապված էր համակենտրոնացման ճամբարների հետ»։


Ոչ ծավալուն այս վեպում Շլինկին հաջողվել է վարպետորեն ձևակերպել հասարակությանը և անհատին վերաբերող ֆունդամենտալ հարցեր՝ անցյալի իմաստավորման, կրթության, կոլեկտիվ և անհատական մեղքի ու պատասխանատվության, արժեքների և արժանապատվության մասին։


Ի՞նչ անել, երբ բացահայտում ես հանցագործի մարդու մեջ, ում կարծում էիր, թե ճանաչում ես, և ում սիրել ես։

Ի՞նչ անել անցյալի հետ, որը կարծում էիր, թե ընթերցված ու հասկացված գիրք է։

Ի՞նչ անել, երբ ուղեղդ դատապարտում է, իսկ սիրտդ ներում այն, ինչը հնարավոր չէ ներել։

Ի՞նչ անել ճշմարտության հետ, երբ ՄԱՐԴ ես։


Մեղմ, բայց համառորեն հեղինակը մեր առջև դնում է խնդիրներ, որոնք պայմանավորում են հասարակության և անհատի կյանքն ու զարգացումը։ Այսպես.


«— …Փիլիսոփայական խնդիր է, չնայած փիլիսոփայությունը չի զբաղվում երեխաներով։ Այն զիջել է նրանց մանկավարժությանը, ինչը օգտակար չեղավ երեխաներին։ Փիլիսոփայությունը մոռացել է երեխաներին — նա ժպտաց ինձ — ընդմիշտ է մոռացել, ոչ թե ժամանակավոր, …»։


Սեպ, որը խրված է ժամանակակից կրթական համակարգի հիմքում։

Գիտելիքներ, թե՞ արժեքներ, բարդ ու կասկածող մտածողություն, թե՞ պարզ ու միանշանակ իմացություն, իրավունք և ազատություն, թե՞ պարտադրվող բարօրություն։


«— Նույնիսկ եթե հետո պարզվի, որ դա արվում էր իրենց իսկ բարօրության համար։

— Մենք չենք խոսում բարօրության մասին, այլ անձի արժանապատվության և ազատության։ …»։

Սիրային պատմության միջոցով հեղինակը մեր առջև բացահայտում է մի ամբողջ ազգի ողբերգություն, սերունդների միջև գոյացած անլուծելի հակասություն, արժեքների սաստիկ բախում։


«…Դահիճը չի կատարում հրամաններ։ Նա իր աշխատանքն է անում։ Առանց որևէ ատելության նրանց հանդեպ, ում սպանում է, նա չի սպանում վրեժից դրդված, չի սպանում, որովհետև նրանք կանգնած են իր ճանապարհին կամ որևէ վտանգ են ներկայացնում։ Նա սպանում է, որովհետև անտարբեր է։ Անտարբեր է այնքան, որ իր համար միևնույն է՝ սպանել, թե ոչ»։

Այսպես միանշանակ ու անողոք հեղինակը ձևակերպում է այսօր առավել քան երբևէ ակտուալ հարցեր։

Որտե՞ղ է սկիզբ առնում լուռ անտարբերությունը և պատճառաբանված կոնֆորմիզմը։

Եվ ո՞րն է սահմանը, որին ինքներս մեզ թույլատրում ենք հասնել, բայց որը չենք կարող հատել։


Հարցեր, հարցեր, հարցեր…

The Reader

 
 
 

Comments


Արփի Օսկանյան

+374 91 244488

  • Instagram
  • Facebook
  • Linkedin

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ

bottom of page